Վեց տարի է՝ ՀՀ-ն խորհրդարանական պետություն է, վեց տարի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց դա խոսում է ոչ թե Ժողովրդավարության, այլ՝ Ժողովրդավարության ի սպառ բացակայության՝ հաշվի առնելով Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ, ապա Հայաստանում խորհրդարան, ժողովրդավարություն չկա։
«Մի ամբողջ հայրենիք՝ Արցախ ենք տվել Ադրբեջանին՝ մեծ զոհերի գնով, Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, մեր առաջ պահանջներ կան, չենք կարողանում դիմագրավել։ Անորոշ վիճակում ենք»,- ասաց Օսկանյանը:
Նրա խոսքով՝տնտեսական վիճակը ևս ՀՀ-ում լավ չէ, իշխանությունների չարաշահումը, ժողովրդի մոտ իսկապես շատ մեծ դժգոհություն և պահանջ կա՝ իշխանափոխության։
«Մեր արտաքին պարտքը հասել է մեծ չափերի, ժողովրդի մեջ դժգոհություն եւ իսկապես պահանջ կա իշխանափոխության»»,-ասաց նա:
Օսկանյանը նշեց, որ 2026թ․ հերթական ընտրություններ են, բայց չի բացառվում, որ 2025թ․ արտահերթ ընտրություններ լինի, ընտրությունները սարերի հետևում չէ, բայց ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների։
«Նրանք, որոնք տեսանելի են ընդդիմությունից, նրանք, որոնք տեսանելի չեն, բայց իշխանափոխության նպատակ ունեն՝ պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան հստակ ծրագիր, որն արտըահայտում է ժողովրդի մտահոգությունները: Այդ ծրագիրը պետք է այսօր մշակվի ընդդիմության կողմից եւ ներկայացվի ժողովրդին եւ պետք է ընտրվի մի անձ, որի շուրջ պետք է լինի համախմբումը: Եւ վերջապես պետք է այդ տակտիկան մշակել եւ դրանով առաջնորդվել»,-ասաց նա: